25.10.2017

Վարդան Ավետյանի անհատական ցուցահանդեսը Մարտունիում

Հոկտեմբերի 24–ին Մարտունու պատկերասրահում բացվեց  Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Վարդան Ավետյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Վարդան Ավետյանը ծնվել է 1955 թ–ին Վայոց Ձորի Մարտիրոս գյուղում, 1985թ–ին ավարտել է Կուրսկի մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը և ստանձնել է Ջերմուկի պատկերաասրահի տնօրենի պաշտոնը, որն զբաղեցնում է առ այսօր։
Նկարիչն առաջին անգամ է հյուրընկալվել Մարտունիում  և իր խոսքում նշում է, որ տարբեր քաղաքներ ցուցահանդեսներով հանդես գալիս հասկանում է, որ բոլոր բնակավայրերի մարդիկ իրար նման են՝ սրտաբաց, հյուրասեր, իրենց հողը–ջրին նվիրված։

Իր մասին խոսելիս էլ նշում է, որ ինքը բնության զավակ է․
«Առանց բնության չեմ պատկերացնում ո՛չ կյանքս, ո՛չ արվեստս։ Նկարները հենց այնպես չեն ծնվում՝ ցանկացած գործի մեջ միտք և հոգի է դրվում»,– ասում է նկարիչը և հավելում,– «Ստեղծագործությունների մեծ մասն բնապատկերներ են, որոնք հեշտ են հասկացվում»։

Նկարիչը արվեստասեր մարտունեցիներին ներկայացել է շուրջ 50 աշխատանքերով, որոնք ստեղծվել են վերջին 7-8 տարիների ընթացքում։

Հիմնական աշխատանքները ռեալիզմի ոճով են պատկերված, չնայած նկարիչը նշում է իր խոսքը ավելի լավ ներկայացնելու համար երբեմն սյուրռեալիզմ ոճում է նկարում։

Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը հիացմունքով է խոսում գործընկերոջ աշխատանքների մասին․
«Վարդանը ներկայանում է ուրույն ձեռագրով ու գույներով, հայրենի եզերքի նկատմամբ ունեցած մեծ սերը ի ցույց դնելով»,– նշում է Գևորգյանը և հավելում, որ ուրախ է արվեստագետին իրենց մոտ հյուրընկալելու համար։

Վարդան Ավետյանի աշխատանքները գտնվում են Երևանի,Մոսկվայի, Լիբանանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Շվեցարիայի, Բելգիայի պետական և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 30-ը:

Վարդան Ավետյանի անհատական ցուցահանդեսը Մարտունիում



Հեղինակ՝ Լիանա Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий