14.11.2016

Եռակի խաբված մարտունեցի վարորդները փակել են ճանապարհը

 Այսօր՝ նոյեմբերի 14–ին մարտունեցի վարորդները փակել էին Մ10 մայրուղու Մարտունիով անցնող հատվածը՝ Կամոյի փողոցն, ավտոկայանին հարակից հատվածում։
Բողոքի պատճառը տարածաշրջանի վեց ԱԳԼՃԿ–ներում վաճառվող ավտոգազի սակագինն է։
Բողոքող վարոդներից մեկը քայլը մեկնաբանեց, որպես բոյկոտ գազի սակագնի դեմ։


«Մարտունիում ու մյուս գյուղերում գործող վեց գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազը վաճառում են 200 դր, իսկ Գավառում, Սևանում 160 դրամ է, անգամ Վարդենիսում 170-180 դրամ է, բայց ոչ 200 դրամ», – բողոքում է վարորդը։ Մեկ այլ վարորդ  էլ ասաց, որ հարցը միայն սակագինը չէ․



«Վճարում ենք 1000 դր գազի համար, բայց լցնում են 650-700 դրամի գազ, հաշվիչներն էլ են խաբում, համ քիչ գազ են լցնում, համ շատ փող է գրում, որ տենց հաշվենք մենք 1 խորանարդի համար 200 դրամից էլ ենք շատ տալիս։ 1000 դր–ի գազ ենք լցնում հասնում Սևան, նոր նդեղ նորմալ գազ լցնում, նույն գումարի դիմաց ավելի շատ ենք քշում, եռակի խաբում են մեզ»։



Բողոքարներին մոտեցավ Մարտունու ոստիկանապետը՝ Կարեն Սերոբյանը և հրահանգեց բացել ճանապարհը, վարորդները չհամաձայնվեցին, փոխարենը առաջարկեցին լսել իրենց պահանջը և միջնորդել խնդրի լուծման հարցում։


Սերոբյանը լսելուց հետո առաջարկեց խումբ ձևավորել և այցելել գազիլցակայանների տնօրենների մոտ և հարցը տեղում ուղղել պատասխանատուներին, որպեսզի իջեցնեն գազի սակագինը։ Վարորդներն այդքանով չեն բավարարվում, առաջարկում են հանձնաժողով ստեղծել ստուգել հաշվիչները, գազի կայանների տերերին անբարեխիղճ աշխատնքի համար տուժ–տուգանք ենթարկել, որ այլևս նման մեթոդով գումար աշխատել չփորձեն։