18.04.2016

Դուրս ենք եկել «Մարդամեջ» ու «չենք սթրվելու»


«Մարդամեջ» բառը ինձ մոտ մի տեսակ ասոցացվում է տատիկիս հետ։ Նա միշտ ասում է․ «Դուրս արի մարդամեջ, որպեսզի զարգանաս, Դավիթ»։

Երբ առաջին անգամ ծրագրի մասին կարդացի ֆեյսբուքում, մտածեցի, թե սա հետաքրքիր անունով հերթական ձևական ծրագրերից է, ինչը, սակայն ինձ չկանգնեցրեց։ Մի փոքր հարցուփորձ արեցի ֆեյսբուքյան ընկերներիս և ստացածս ինֆորմացիայով կիսվեցի Ճամբարակի ընկերներիս հետ։ Արագ ի մի բերեցինք բոլորիս կեց կտուր մտքերը, գտանք գործընկեր հասարակական կազմակերպություն և ուղարկեցինք «Մարդամեջ»-ին մասնակցելու հայտը՝ ներկայացնելով «Չենք սթրվելու» նախագիծը։


«Մարտունի ԻնֆոՏանը» մեզ սպասում էր հաճելի անակընկալ՝ հավաքվել էր շուրջ 60 երիտասարդներ, որոնք ունեին բազմաթիվ հետաքրքիր նորարական գաղափարներ։ Երբ եղած գաղափարներից ընտրվեցին 4-ը, և սկսվեց խմբային աշխատանքը, մենք հասկացանք, որ մարզի տարբեր անկյուններից հավաքին մասնակցելու համար եկած այն երիտասարդները, ովքեր րոպեներ առաջ մեր մրցակիցներն էին՝ իրականում մեր համախոհներն են։ Շատ հետաքրքիր խմբային աշխատանքի ընթացքում վերջնականացրեցինք մեր գաղափարը և հաղթեցինք։

Ճիշտ է ծրագիրն իրականացվելու է Ճամբարակ քաղաքում, սակայն այն մեր ամբողջ մարզի, ինչպես մենք հիմա իրար կոչում ենք՝ «մեր մարդամեջի ընկերների» հաղթանակն է։

Մենք կրկին հաստատեցինք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է։


Հեղինակ՝ Դավիթ Միդոյան
«Մարդամեջ» 2016–ի մասնակից

Комментариев нет:

Отправить комментарий